Skip to content

Առաջին շաբաթվա ընթացքում

19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21 Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»։ 22 Այս ասելուց հետո նրանց վրա փչեց ու ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին։ 23 Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա»։

Անհավատ Թովմասը

24 Բայց Թովմասը՝ տասներկուսից մեկը, «Երկվորյակ» կոչվածը, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25 Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Եթե նրա ձեռքերի վրա մեխերի նշանը չտեսնեմ ու իմ մատը մեխերի տեղերը չդնեմ և իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»։ 26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 27 Հետո Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատը այստեղ և տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքը և իմ կողի մե՛ջ խրիր. մի՛ երկմտիր, այլ հավատա՛»։ 28 Թովմասը պատասխանեց ու ասաց նրան. «Դու իմ Տերն ես և իմ Աստվածը»։ 29 Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։

30 Հիսուսն իր աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ գործեց, որոնք այս գրքում գրված չեն։ 31 Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19 – 31

Առաջին շաբաթից հետո

1 Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։ 2 Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ «Երկվորյակ» կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։ 3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք քեզ հետ գալիս»։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ 4 Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ 5 Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։ 

6 Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ 7 Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ 8 Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն։ 9 Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ 10 Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ 

11 Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատռվեց։ 12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ 13 Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։ 14 Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։

15 Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ 16 Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ 17 Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ 18 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։ 

19 Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։ 20 Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, և որն ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ 21 Պետրոսը, նրան տեսնելով, Հիսուսին ասաց. «Տե՛ր, իսկ սրա՞ն ինչ է լինելու»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից»։ 23 Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ՝ «Եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ»։

24 Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ 25 Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:1 – 25

Նրա մեկնումը դրախտ

Նախաբան

1 Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ո՛վ Թեոփիլե, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց 2 մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, 3 որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով կենդանի ներկայանալով՝ քառասուն օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծու արքայության մասին խոսեց։ 4 Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանա՛ք Երուսաղեմից, այլ Հոր խոստմա՛նը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք. 5 որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով»։

6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. «Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ 7 Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ 8 Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

Հիսուսի համբարձումը

(Մրկ. 16.19-20Ղուկ. 24.50-53)

9 Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10 Եվ մինչ նրանք իրենց հայացքը սևեռել էին դեպի երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին 11 և նրանց ասացին. «Ո՛վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ նրան տեսաք երկինք գնալիս»։

Գործք Առաքելոց 1:1 – 11