Skip to content

Մատթեոս 5

Լեռան քարոզը

1 Հիսուսը, ժողովրդի բազմությունը տեսնելով, բարձրացավ լեռը։ Երբ նա նստեց, աշակերտները նրան մոտեցան։ 2 Եվ նա, բերանը բացելով, ուսուցանում էր նրանց ու ասում.

Երանիներ

(Ղուկ. 6.20-23)

3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

4 Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։

5 Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։

6 Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան։

7 Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։

8 Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։

9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն։

10 Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայությունը նրանցն է։

11 Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան զրպարտությամբ ասեն։ 12 Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։

Երկրի աղը և աշխարհի լույսը

(Մրկ. 9.49-50Ղուկ. 14.34-35)

13 Դուք եք երկրի աղը. եթե աղն իր համը կորցնի, ինչո՞վ կհամեմվի. այլևս ոչնչի պիտանի չի լինի, այլ դուրս կթափվի ու մարդկանց կողմից ոտնակոխ կլինի։ 14 Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ 15 Ոչ էլ ճրագը վառում ու գրվանի տակ են դնում, այլ դնում են աշտանակի վրա, և այն լույս է տալիս բոլոր նրանց, ովքեր տան մեջ են։ 16 Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։

Օրենքի ճշմարիտ ուսուցումը

17 Մի՛ կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու. ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշանագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ 19 Արդ, ով այս պատվիրաններից ամենափոքրերից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ կկոչվի։ 20 Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի։

21 Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. “Մի՛ սպանիր” (Ելք 20.13, Բ Օր. 5.17). իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22 Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը “հիմար” ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը “անմիտ” ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ 23 Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, 24 թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ 25 Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26 Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։

27 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. “Մի՛ շնանա” (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ 28 Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։ 29 Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։ 30 Եթե քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն ու քեզանից դե՛ն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ անդամներիցդ մեկը կորչի, քան ամբողջ մարմինդ գեհեն ընկնի։

31 Ասվել է նաև. “Ով իր կնոջն արձակում է, թող նրան արձակման թուղթ տա” (Բ Օր. 24.1-4, Մտթ. 19.7)։ 32 Բայց ես ասում եմ ձեզ. ով իր կնոջն առանց պոռնկության պատճառի արձակում է, ինքն է նրան շնության մղում, իսկ ով արձակված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է անում։ 33 Դարձյալ լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. “Սուտ մի՛ երդվիր, բայց կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը” (Ղևտ. 19.12)։ 34 Սակայն ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է, 35 ո՛չ երկրով, քանի որ նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որ մեծ Թագավորի քաղաքն է։ 36 Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև մի մազ անգամ չես կարող սպիտակ կամ սև դարձնել։ 37 Ձեր խոսքը թող լինի “այո”-ն “այո”, և “ոչ”-ը՝ “ոչ”. սրանից ավելին չարից է։

Սեր թշնամիների հանդեպ

(Ղուկ. 6.27-36)

38 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. “Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ” (Ելք 21.24, Ղևտ. 24.20, Բ Օր. 19.21)։ 39 Բայց ես ասում եմ ձեզ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ ով քո ծնոտի աջ կողմին ապտակի, մյուս կո՛ղմն էլ նրան դարձրու։ 40 Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ և շապիկդ առնել, բաճկո՛նդ էլ տուր նրան։ 41 Եթե մեկը քեզ ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկո՛ւ մղոն էլ գնա։ 42 Ով քեզանից խնդրում է, տո՛ւր, ով քեզանից ուզում է փոխ առնել, երես մի՛ դարձրու։

43 Լսել եք, թե ի՛նչ ասվեց. “Պիտի սիրես ընկերոջդ (Ղևտ. 19.18, Մտթ. 22.39) և պիտի ատես թշնամուդ”։ 44 Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, 45 որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ 46 Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։ 47 Եվ եթե ողջունեք միայն ձեր եղբայրներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ հեթանոսներն էլ են նույնն անում։ 48 Արդ, դուք կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։

Մատթեոս 6

Ողորմության մասին

1 «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։ 2 Արդ, երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովարաններում և փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն ստացել են։ 3 Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում, 4 որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։

Աղոթքի մասին

(Ղուկ. 11.2-4)

5 Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ 6 Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ 7 Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ 8 Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։

9 Արդ, դուք այսպե՛ս աղոթեք.

Տերունական աղոթք

“Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ լինի քո անունը.

10 քո արքայությունը գա,

քո կամքը լինի

ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։

11 Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։

12 Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը,

ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։

13 Եվ մի՛ տար մեզ փորձության,

այլ ազատի՛ր մեզ չարից”։

14 Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ 15 Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։

Ծոմապահության մասին

16 Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի՛ եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր գլուխդ և լվա՛ երեսդ, 18 որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։

Ճշմարիտ գանձը

(Ղուկ. 12.33-3411.34-36)

19 Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ 20 Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. 21 որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ 22 Մարմնի ճրագն աչքն է. արդ, եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ 23 Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքա՜ն առավել կլինի։

Աստված և մամոնա

(Ղուկ. 16.13)

24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։

Ապավինում նախախնամությանը

(Ղուկ. 12.22-31)

25 Դրա համար էլ ասում եմ ձեզ. մի՛ հոգացեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն առավել է, քան կերակուրը, և մարմինն առավել է, քան հագուստը։ 26 Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք։ 27 Ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել։ 28 Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։ 

29 Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։ 30 Իսկ եթե դաշտի խոտին, որ այսօր կա, բայց վաղը հնոցն է գցվում, Աստված այդպես է հագցնում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ 31 Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, 32 որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ 33 Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ 34 Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։

Մատթեոս 7

Մի՛ դատիր

(Ղուկ. 6.37-38,  41-4211.9-13)

1 «Մի՛ դատեք, որ չդատվեք. 2 որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։ 3 Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ 4 Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ “Թող շյուղն աչքիդ միջից հանեմ”, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ 5 Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։ 6 Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։

7 Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի. 8 որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։ 9 Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա, 10 կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։ 11 Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։

Ոսկե օրենք

12 Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։

Նեղ դուռը

(Ղուկ. 13.24)

13 Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ 14 Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։

Ծառը և նրա պտուղը

(Ղուկ. 6.43-44)

15 Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ 16 Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ 17 Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ 18 Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ 19 Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ 20 Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք։

Ճշմարիտ աշակերտները

(Ղուկ. 13.25-27)

21 Ոչ թե ամեն ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։ 22 Այն օրը շատերն ինձ կասեն. “Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք”։ 23 Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ”։

Երկու տները

(Ղուկ. 6.47-49)

24 Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ 25 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ 26 Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ 27 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։

28 Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա, 29 որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։