Skip to content

Մատթեոս 21: 23 – 46

Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին

(Մրկ. 11.27-33Ղուկ. 20.1-8)

23 Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ 24 Հիսուսը պատասխանեց նրանց. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ. եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։ 25 Հովհաննեսի մկրտությունը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։ Եվ նրանք իրար մեջ խորհուրդ էին անում և ասում. «Եթե ասենք՝ երկնքից, մեզ կասի. “Հապա ինչո՞ւ չհավատացիք նրան”, 26 իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորը Հովհաննեսին մարգարե են համարում»։ 27 Հիսուսին պատասխանեցին ու ասացին՝ չգիտենք։ Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ այս բաներն անում։

Առակ երկու որդիների մասին

28 Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. “Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր”։ 29 Իսկ նա պատասխանեց ու ասաց. “Չեմ ուզում”, բայց հետո զղջաց ու գնաց։ 30 Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. “Կգնա՛մ, տե՛ր”, ու չգնաց։ 31 Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։ 32 Որովհետև Հովհաննեսը ձեզ մոտ արդարության ճանապարհով եկավ, իսկ դուք նրան չհավատացիք, բայց մաքսավորներն ու պոռնիկները նրան հավատացին։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք ու նրան չհավատացիք։

Չար մշակների առակը

(Մրկ. 12.1-11Ղուկ. 20.9-19)

33 Մի ուրի՛շ առակ լսեք։ Մի տանուտեր մարդ կար, որն այգի տնկեց, ցանկապատեց այն, մեջը հնձան փորեց ու աշտարակ շինեց, ապա այն տվեց մշակներին և օտար երկիր գնաց։ 34 Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ 35 Մշակները նրա ծառաներին բռնեցին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ 36 Դարձյալ ուրիշ՝ նախկիններից շատ ծառաների ուղարկեց. սրանց էլ նույնն արեցին։ 37 Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. “Իմ որդուց կամաչեն”։ 38 Բայց մշակները, որդուն տեսնելով, իրար մեջ ասացին. “Սա է ժառանգը. եկեք սրան սպանենք և սրա ժառանգությանը տիրանանք”։ 39 Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ 40 Արդ, երբ այգու տերը գա, այն մշակներին ի՞նչ կանի»։ 41 Նրան ասացին. «Չարերին դաժանորեն կորստյան կմատնի, իսկ այգին ուրիշ մշակների կտա, որոնք բերքը ժամանակին իրեն կտան»։ 42 Հիսուսը նրանց ասաց. «Դուք Սուրբ Գրքում երբեք չե՞ք կարդացել.

“Այն քարը, որ շինարարները մերժեցին,

անկյունաքար դարձավ.

սա Տիրոջ կողմից եղավ,

և մեր աչքին զարմանալի է” (Սաղ. 118.22-23)։

43 Դրա համար ասում եմ ձեզ, որ Աստծու արքայությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որն այն պտղաբեր կդարձնի։ 44 Ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի, իսկ ում վրա այն ընկնի, նրան կճզմի»։ 45 Երբ քահանայապետներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին է ասում։ 46 Եվ ուզում էին նրան բռնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև նրան մարգարե էին համարում։

Մատթեոս 22

Հարսանիքի հրավիրվածների առակը

(Ղուկ. 14.15-24)

1 Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց և ասաց. 2 «Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3 Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ 4 Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց և ասաց. “Հրավիրյալներին ասե՛ք. “Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի””։ 5 Իսկ նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր արտը, մյուսը՝ իր առևտրին։ 6 Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ 7 Երբ թագավորը լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին և այրեց նրանց քաղաքը։ 

8 Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ 9 Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք”։ 10 Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները և ում գտան, բոլորին հավաքեցին՝ և՛ չարերին, և՛ բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ 11 Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ 12 Նրան ասաց. “Ընկե՛ր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպե՞ս այստեղ մտար”։ Նա պապանձվեց։ 13 Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. “Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը, վերցրե՛ք դրան և գցե՛ք դուրս՝ խավարի մեջ. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ 14 Որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ”»։

Կայսրին տրվելիք հարկը

(Մրկ. 12.12-17Ղուկ. 20.20-26)

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցում էին, թե ինչպե՛ս Հիսուսին խոսքով ծուղակը գցեն։ 16 Եվ հերովդեսականների հետ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին ու ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում և ոչ մեկից չես վախենում, որովհետև երեսպաշտություն չես անում։ 17 Արդ ասա՛ մեզ, դու ի՞նչ ես կարծում, օրինավո՞ր է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»։ 18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր։ 19 Ցո՛ւյց տվեք ինձ հարկի դինարը»։ Նրանք Հիսուսին մի դինար բերեցին։ 20 Եվ նրանց ասաց. «Ո՞ւմն են այս պատկերը և գիրը»։ Նրան ասացին՝ կայսրինը։ 21 Այդ ժամանակ ասաց. «Ուրեմն կայսրինը տվե՛ք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ 22 Երբ լսեցին, զարմացան, թողեցին նրան ու գնացին։

Հարության մասին

(Մրկ. 12.18-27Ղուկ. 20.27-40)

23 Այդ օրը Հիսուսի մոտ եկան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24 ու ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. “Եթե մի մարդ անզավակ մեռնի, նրա եղբայրը թող ամուսնանա նրա կնոջ հետ ու իր եղբոր համար զավակ բերի” (Բ Օր. 25.5)։ 25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ ու մեռավ և որովհետև զավակ չուներ, իր կնոջը թողեց իր եղբորը։ 26 Նույն կերպ էլ երկրորդ եղբայրը, երրորդը…, մինչև յոթերորդը։ 27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28 Ուրեմն հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան կնության առան»։ 

29 Հիսուսը պատասխանեց ու նրանց ասաց. «Մոլորության մեջ եք. ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30 Որովհետև հարության ժամանակ ո՛չ կին են առնելու, ո՛չ էլ ամուսին, այլ կլինեն ինչպես Աստծու հրեշտակները երկնքում։ 31 Իսկ մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32 “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Աստված մեռածների՛ Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33 Եվ ժողովուրդը լսելով՝ զարմանում էր նրա ուսուցման վրա։

Ամենամեծ պատվիրանը

(Մրկ. 12.28-34Ղուկ. 10.25-28)

34 Երբ փարիսեցիները լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ հավաքվեցին։ 35 Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, նրան փորձելու համար հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37 Հիսուսը նրան ասաց. «”Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։ 38 Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ 39 Երկրորդը նման է սրան. “Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ” (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։

Ո՞ւմ որդին է Քրիստոսը

(Մրկ. 12.35-37Ղուկ. 20.41-44)

41 Երբ փարիսեցիները հավաքված էին, Հիսուսը նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին՝ Դավթի։ 43 Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան “Տեր” է կոչում՝ ասելով.

44 “Տերն իմ Տիրոջն ասաց.

Նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև քո թշնամիներին

իբրև պատվանդան դնեմ ոտքերիդ” (Սաղ. 110.1)։

45 Արդ, եթե Դավիթը նրան “Տեր” է կոչում, ինչպե՞ս է Քրիստոսը նրա որդին»։ 46 Ոչ ոք չէր կարողանում նրան պատասխանել։ Ոչ էլ որևէ մեկը այդ օրվանից համարձակվեց նրան մի բան հարցնել։

Մատթեոս 23

Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից

(Մրկ. 12.38-40Ղուկ. 11.39-42,  4420.45-46)

1 Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց. 2 «Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ 3 Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ 4 Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ 5 Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ 6 Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները, 7 հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից “Ռա՛բբի, Ռա՛բբի” կոչվելը։ 

8 Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ “Ռաբբի” կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ 9 Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ “Հայր” մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։ 10 Ոչ էլ “ուսուցիչներ” կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։ 11 Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ 12 Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։ 13 Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ 14 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։

15 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։ 16 Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։ 17 Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ 18 Նաև ասում եք՝ ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ 19 Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։ 20 Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ 21 Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։ 22 Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։

23 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։ 24 Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։ 25 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ 26 Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։

27 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ 28 Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ 29 Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։ 30 Եվ ասում եք. “Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի”։ 31 Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։ 32 Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։ 33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։ 34 Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ 

35 Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։ 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա։

Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ

(Ղուկ. 13.34-35)

37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։ 38 Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ 39 Որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք.

“Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը” (Սաղ. 118.26, Մտթ. 21.9)»։