ԾՆՆԴՈՑ 1
Արարչագործության պատմությունը
1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ 2 Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։ 3 Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ 4 Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ 5 Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։ 6 Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։
7 Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։ 8 Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ։ 9 Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։ 10 Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ 11 Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։
12 Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է։ 13 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երրորդ։ 14 Եվ Աստված ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի ցերեկը բաժանեն գիշերից. և նշանների, ժամանակների, օրերի ու տարիների համար լինեն։ 15 Եվ լուսատուներ լինեն երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը»։ Եվ այդպես եղավ։ 16 Եվ Աստված երկու մեծ լուսատուներ արարեց. մեծ լուսատուն՝ ցերեկվա վրա իշխելու համար, իսկ փոքր լուսատուն՝ գիշերվա վրա իշխելու համար. ստեղծեց նաև աստղերը։
17 Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը, 18 իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ 19 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր չորրորդ։ 20 Եվ Աստված ասաց. «Ջրերը թող եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա, երկնքի հաստատության միջով»։ 21 Եվ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը և կենդանի շունչ ունեցող բոլոր սողունները, որ ջրերը եռացին դրանցով՝ իրենց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ 22 Աստված օրհնեց դրանք՝ ասելով. «Աճեցե՛ք և բազմացե՛ք ու լցրե՛ք ծովերի ջրերը, և թռչունները թող շատանան երկրի վրա»։ 23 Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր հինգերորդ։
24 Եվ Աստված ասաց. «Երկիրը շնչավոր կենդանի թող հանի իր տեսակի պես. անասուններ, սողուններ և երկրի գազաններ՝ իրենց տեսակի պես»։ Եվ այդպես եղավ։ 25 Եվ Աստված երկրի գազաններն ստեղծեց՝ իրենց տեսակի պես, անասունները՝ իրենց տեսակի պես և գետնի բոլոր սողունները՝ իրենց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։
26 Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ 27 Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց։ 28 Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։
29 Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար։ 30 Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։
31 Եվ Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ որ արել էր, ահա շատ բարի էր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր վեցերորդ։
ԾՆՆԴՈՑ 2
Եդեմի պարտեզը
1 Այսպես ամբողջացան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը։ 2 Եվ Աստված յոթերորդ օրն ամբողջացրեց իր գործը, որ արել էր, և յոթերորդ օրը հանգստացավ իր կատարած բոլոր գործերից։ 3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը հանգստացավ իր բոլոր գործերից, որ Աստված ստեղծեց ու արեց։ 4 Սրանք են երկնքի ու երկրի ծնունդները, նրանց ստեղծման ժամանակը։ Այն օրը, երբ Տեր Աստված ստեղծեց երկիրն ու երկինքը, 5 երկրի վրա դեռ չկային դաշտի բոլոր բույսերը, և դեռ չէին բուսել դաշտի բոլոր խոտերը, որովհետև Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը, 6 այլ գոլորշի էր դուրս գալիս երկրից և ոռոգում հողի ամբողջ մակերեսը։
7 Տեր Աստված մարդուն ձևավորեց հողի փոշուց և նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի եղավ։ 8 Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ 9 Եվ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի և քաղցրահամ պտուղներով բոլոր ծառերը և պարտեզի մեջտեղում՝ կենաց ծառը և բարին ու չարը գիտենալու ծառը։ 10 Եվ մի գետ էր դուրս գալիս Եդեմից՝ պարտեզը ջրելու համար, և այնտեղից բաժանվում ու չորս ճյուղ էր դառնում։ 11 Մեկի անունը Փիսոն է. հոսում է Եվիլայի ամբողջ երկրի միջով, որտեղ ոսկի կա։ 12 Այդ երկրի ոսկին ազնիվ է։ Այնտեղ կա նաև սուտակ և դահանակի քար։
13 Երկրորդ գետի անունը Գեհոն է. սա հոսում է Քուշի ամբողջ երկրի միջով։ 14 Երրորդ գետի անունը Տիգրիս է. սա հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։ 15 Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ 16 Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, 17 բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ 18 Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։ 19 Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։
20 Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ 21 Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ 22 Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ 23 Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ 24 Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։ 25 Նրանք երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին և չէին ամաչում։