Ջուր ապառաժից
(Թվ. 20.1-13)
1 Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ 2 Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։ 3 Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։
4 Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ 5 Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։ 6 Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։ 7 Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։