Բ ՕՐԵՆՔ 28
Հնազանդության օրհնությունները
(Ղևտ. 26.3-13, Բ Օր. 7.12-24)
1 «Եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին, որպեսզի զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածն էլ քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ 2 Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ 3 Դու օրհնյալ կլինես քաղաքում և օրհնյալ՝ դաշտում։ 4 Օրհնյալ կլինեն քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունների պտուղը, քո կովերի ծնունդը և քո ոչխարների հոտերը։ 5 Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը։
6 Օրհնյալ կլինես դու մտնելիս և օրհնյալ կլինես դուրս ելնելիս։ 7 Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։ 8 Տերն օրհնությունը կուղարկի քեզ քո շտեմարաններում և քո բոլոր ձեռնարկումներում։ Նա քեզ կօրհնի քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրում։ 9 Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։ 10 Եվ երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ Տիրոջ անունը կոչված է քեզ վրա, ու կվախենան քեզանից։ 11 Տերն առատություն կտա քեզ քո բարության համար՝ բազմացնելով քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո հողի պտուղն այն երկրում, որ Տերը երդվել է քո հայրերին՝ քեզ տալու համար։ 12 Տերն իր բարության գանձը, այսինքն՝ երկինքը կբացի քեզ համար, որպեսզի իր ժամանակին անձրև տա քո երկրին և օրհնի քո ձեռքի բոլոր գործերը. դու փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ փոխ չես առնի։ 13 Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես 14 և աջ կամ ձախ չշեղվես այն բոլոր խոսքերից, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, չգնաս օտար աստվածների ետևից՝ ծառայելու համար նրանց։
Անհնազանդության հետևանքները
(Ղևտ. 26.14-46)
15 Բայց եթե չհնազանդվես քո Տեր Աստծու խոսքին և չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա այս բոլոր անեծքները կգան քեզ վրա, կհասնեն քեզ։ 16 Անիծյալ կլինես դու քաղաքում և անիծյալ՝ դաշտում։ 17 Անիծյալ կլինեն քո կողովն ու քո խմորի տաշտը, 18 անիծյալ՝ քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո կովերի ծնունդներն ու ոչխարների հոտերը։ 19 Անիծյալ կլինես դու մտնելիս և անիծյալ՝ դուրս ելնելիս։ 20 Տերն անեծք, տառապանք և հանդիմանություն կուղարկի քո դեմ քո ձեռնարկած և արած բոլոր գործերում, մինչև որ բնաջինջ լինես և իսկույն կորչես քո չար գործերի համար, որ լքեցիր ինձ։
21 Տերը ժանտախտ կկպցնի քեզ, մինչև որ քեզ վերացնի այն երկրից, ուր որ դու մտնելու ես այն ժառանգելու։ 22 Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։ 23 Քո գլխի վրայի երկինքը պղնձի կվերածվի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթի։ 24 Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։ 25 Տերը կոտորել կտա քեզ քո թշնամիների առաջ. դու նրանց դեմ կելնես մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանց առաջից և երկրի բոլոր թագավորությունների մեջ թափառական կլինես։ 26 Քո մարմինը կերակուր կլինի երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին, և դրանց քշող չի լինի։
27 Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։ 28 Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։ 29 Օրը ցերեկով դու կխարխափես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և հաջողություն չես ունենա քո ճանապարհներին։ Միշտ զրկված ու կողոպտված կլինես, և ազատող չի լինի։ 30 Դու մի կնոջ հետ կնշանվես, բայց ուրիշը կպառկի նրա հետ, տուն կշինես, բայց նրա մեջ չես բնակվի, այգի կտնկես, բայց նրա խաղողը չես հավաքի։ 31 Եզդ կմորթվի քո աչքի առաջ, բայց դու չես ուտի դրանից։ Էշդ կհափշտակվի քո առաջից և հետ չի տրվի քեզ։ Հոտերդ կմատնվեն քո թշնամիներին, և քեզ համար ազատող չի լինի։ 32 Քո տղաներն ու աղջիկները ուրիշ ժողովրդի կտրվեն, և քո աչքերը կտեսնեն ու ամբողջ օրը կնվաղեն նրանց համար, բայց քո ձեռքում ուժ չի լինի։ 33 Մի ժողովուրդ, որին դու չես ճանաչում, կուտի քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը, և դու ամեն օր միայն զրկված ու ճնշված կլինես։ 34 Եվ կխելագարվես քո աչքերի տեսածից։ 35 Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։
36 Տերը քեզ և քեզ վրա քո դրած թագավորին կտանի այն ազգին, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն էին ճանաչում, և այնտեղ դու կծառայես օտար՝ փայտե ու քարե աստվածների։ 37 Դու զարմանքի, առակի և ծաղրուծանակի առարկա կդառնաս այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնց մոտ կտանի քեզ Տերը։ 38 Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտեն այն։ 39 Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի և խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտեն այն։ 40 Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։ 41 Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։ 42 Քո բոլոր ծառերն ու քո հողի բերքը մանր մարախները կոչնչացնեն։ 43 Քո մեջ բնակվող օտարականը քեզանից գերազանց կլինի և քեզանից ավելի կբարձրանա, իսկ դու ավելի ցած կիջնես։ 44 Նա քեզ փոխ կտա, բայց դու նրան փոխ չես տա. նա գլուխ կլինի, իսկ դու պոչ կլինես։ 45 Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։ 46 Դրանք քեզ վրա և քո սերնդի վրա հավիտյան նշաններ ու հրաշքներ կլինեն։
47 Քանի որ դու ուրախությամբ և հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, 48 դրա համար էլ սովի, ծարավի, մերկության և ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո պարանոցին, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 49 Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա, 50 մի խստադեմ ազգ, որ ծերերին չի հարգի և երեխաներին չի խղճա։ 51 Նա կուտի քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, մինչև որ դու բնաջինջ լինես։ Նա քեզ չի թողնի ո՛չ ցորեն, ո՛չ գինի, ո՛չ յուղ, կխլի քո կովերի ծնունդներն ու քո ոչխարների հոտերը, մինչև որ բնաջինջ անի քեզ։ 52 Քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, մինչև որ կործանվեն քո բարձր և ամուր պարիսպները, որոնց դու ապավինում ես քո ամբողջ երկրում. քեզ կպաշարի քո բոլոր քաղաքներում, քո ամբողջ երկրում, որ քո Տեր Աստվածը տալիս է քեզ։
53 Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։ 54 Քո մեջ գտնվող քնքուշ և շատ փափկասուն տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին, 55 որպեսզի նրանցից ոչ մեկին չտա իր կերած որդիների մսից, որովհետև պաշարման ժամանակ և քո բոլոր քաղաքներում քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ ուտելու ոչ մի բան չի մնալու նրան։ 56 Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան, 57 իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքին ու իր ծնած զավակներին, որովհետև պաշարման ժամանակ և քո քաղաքներում քո թշնամիների քեզ պատճառած նեղության ժամանակ ամեն ինչի պակասության պատճառով ծածկաբար պիտի ուտի նրանց։
58 Եթե զգուշությամբ չկատարես այս օրենքի բոլոր խոսքերը, որոնք գրված են այս գրքում, որ վախենաս այն պատվական և ահավոր անունից՝ ՏԻՐՈՋԻՑ՝ ՔՈ ԱՍՏԾՈՒՑ, 59 ապա Տերն էլ անսովոր հարվածներով, մեծ և երկարատև հարվածներով, չարաղետ և տևական հիվանդություններով կպատուհասի քեզ և քո սերնդին։ 60 Նա քեզ վրա կբերի Եգիպտոսի բոլոր հիվանդությունները, որոնցից դու վախենում ես, և դրանք կկպչեն քեզ։ 61 Տերը քեզ վրա կբերի նաև ամեն տեսակ հիվանդություն ու հարված, որ գրված չեն օրենքների այս գրքում, մինչև որ դու բնաջինջ լինես։ 62 Դուք, որ երկնքի աստղերի չափ շատ էիք, սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք ձեր Տեր Աստծու խոսքը։ 63 Եվ ինչպես որ Տերն ուրախացավ՝ ձեզ բարություն անելով և ձեզ բազմացնելով, այնպես էլ Տերը կուրախանա՝ ձեզ կորստյան մատնելով ու բնաջինջ անելով, և դուք կվերանաք այն երկրի երեսից, ուր այժմ գնում եք՝ այն ժառանգելու։
64 Տերը քեզ կգցի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կծառայես օտար՝ փայտե և քարե աստվածների, որոնց չէիք ճանաչել ո՛չ դու, ո՛չ էլ քո հայրերը։ 65 Այդ ազգերի մեջ հանգստություն չես գտնի և քո ոտքի թաթերը հանգչեցնելու տեղ չես ունենա. այնտեղ Տերը քեզ կտա տագնապող սիրտ, աչքերի նվաղում և հոգու տրտմություն։ 66 Կյանքդ քո առաջ կախված կլինի, գիշեր-ցերեկ ահուդողի կմատնվես և կյանքումդ ապահով չես լինի։ 67 Քո սրտի ահուդողից և քո աչքերի տեսած բաներից առավոտյան կասես. “Երանի՜ թե երեկո լիներ”, իսկ երեկոյան կասես. “Երանի՜ թե առավոտ լիներ”։ 68 Տերը նավերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն ճանապարհով, որի մասին քեզ ասացի, թե՝ “Այլևս այն չես տեսնի”։ Այնտեղ դուք իբրև ստրուկներ և աղախիններ կծախվեք ձեր թշնամիներին, բայց ձեզ գնող չի լինի»։
Բ ՕՐԵՆՔ 29
Տիրոջ ուխտը Իսրայելի հետ
1 Սրանք են այն ուխտի խոսքերը, որ Տերը հրամայեց Մովսեսին անել Իսրայելի որդիների հետ մովաբացիների երկրում, բացի այն ուխտից, որ արել էր նրանց հետ Քորեբի վրա։ 2 Մովսեսը կանչեց բոլոր իսրայելացիներին և ասաց նրանց. «Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր աչքերի առաջ արեց Տերը Եգիպտոսի երկրում փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու նրա ամբողջ երկրին, 3 այսինքն՝ այն մեծ փորձությունները, որ քո աչքերը տեսան, այն նշաններն ու մեծ հրաշքները։ 4 Տերը մինչև այսօր ձեզ չտվեց մի այնպիսի միտք, որ իմանաք, աչքեր, որ տեսնեք, և ականջներ, որ լսեք։ 5 Քառասուն տարի ես ձեզ ման ածեցի անապատում. ձեր հագուստները չհնացան ձեզ վրա, և ձեր ոտքերի կոշիկները չմաշվեցին.
6 հաց չկերաք և գինի ու օղի չխմեցիք, որպեսզի գիտենաք, թե ես եմ ձեր Տեր Աստվածը։ 7 Երբ այստեղ եկաք, Եսեբոնի Սեհոն թագավորը և Բասանի Օգ թագավորը դուրս եկան մեր առաջ՝ պատերազմելու մեր դեմ, և մենք հարվածեցինք նրանց. 8 գրավեցինք նրանց երկիրը և այն որպես ժառանգություն տվեցինք Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղին։ 9 Ուրեմն պահե՛ք այս ուխտի խոսքերը և կատարե՛ք դրանք, որպեսզի հաջողություն ունենաք ձեր բոլոր գործերի մեջ։ 10 Այսօր ձեր Տեր Աստծու առջև կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր իշխանները, ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր հրամանատարները, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 11 ձեր զավակներն ու ձեր կանայք, ձեր բանակատեղիում գտնվող օտարականը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը, 12 որպեսզի մտնեք ձեր Տեր Աստծու ուխտի և նրա երդումի մեջ, որ այսօր ձեր Տեր Աստվածը կնքում է ձեզ հետ, 13 որպեսզի քեզ այսօր դարձնի իր ժողովուրդը և հենց ինքը քեզ համար լինի Աստված, ինչպես քեզ ասաց և ինչպես երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։
14 Ես ոչ միայն ձեզ հետ եմ անում այս ուխտն ու այս երդումը, 15 այլև այսօր այստեղ մեզ հետ մեր Տեր Աստծու առջև կանգնողների հետ, նաև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ այստեղ չեն։ 16 Դուք գիտեք, թե ինչպես բնակվեցինք Եգիպտոսի երկրում և թե ինչպես անցանք այն ազգերի միջից, որ դուք անցաք։ 17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերը և նրանց փայտե, քարե, արծաթե և ոսկե կուռքերը, որ նրանց մոտ էին։ 18 Ձեր մեջ թող չգտնվի մի տղամարդ, մի կին, մի ազգատոհմ կամ մի ցեղ, որ իր սիրտն այսօր շեղի մեր Տեր Աստծուց՝ գնալ ծառայելու համար այդ ազգերի աստվածներին։ Ձեր մեջ թող չգտնվի մի արմատ, որ թույն ու դառնություն բերի։ 19 Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, 20 Տերը չի կամենա խնայել նրան, այլ այն ժամանակ կբորբոքվեն Տիրոջ բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, և այս գրքում գրված բոլոր անեծքները կթափվեն նրա գլխին, և Տերը նրա անունը կջնջի երկնքի տակից։
21 Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։ 22 Հետագա սերունդները, այսինքն՝ ձեզանից հետո ծնվող ձեր զավակները, և հեռավոր երկրից եկող օտարականը, կտեսնեն այն հարվածներն ու նեղությունները, որոնցով Տերը պիտի նեղի այդ երկիրը. 23 ծծումբ, աղ և այրվածք կլինի նրա ամբողջ երկրում, որտեղ ոչ մի բան չի ցանվի, ոչ մի բան չի բուսնի, և ոչ մի խոտ չի բարձրանա ավերված Սոդոմի, Գոմորի, Ադմայի և Սեբոյիմի պես, որոնք Տերը կործանեց իր բարկությամբ և սրտմտությամբ։ 24 Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այսպես վարվեց այս երկրի հետ, ի՞նչն է այս մեծ սրտմտության և բարկության պատճառը”։ 25 Եվ կասեն. “Որովհետև նրանք դրժեցին իրենց հայրերի Տեր Աստծու ուխտը, որ նա արել էր Եգիպտոսի երկրից նրանց դուրս հանելու ժամանակ. 26 նրանք գնացին ծառայեցին ուրիշ աստվածների և երկրպագեցին դրանց, աստվածներ, որոնց բնավ չէին ճանաչել, և Տերը դրանք չէր սահմանել նրանց համար։
27 Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, որպեսզի այս գրքում գրված բոլոր անեծքները թափի նրա վրա։ 28 Տերը բարկությամբ, սրտմտությամբ և մեծ զայրույթով նրանց արմատից պոկեց իրենց երկրից և նետեց մի ուրիշ երկիր, ինչպես տեսնում ենք այսօր”։ 29 Ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են, իսկ հայտնի բաները՝ մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը»։
Բ ՕՐԵՆՔ 30
Վերահաստատության և օրհնության պայմաններ
1 «Երբ քեզ վրա հասնեն այս բոլոր բաները՝ թե՛ օրհնությունը և թե՛ անեծքը, որ դնում եմ քո առաջ, և դրանք մտաբերես այն բոլոր ազգերի մեջ, ուր քո Տեր Աստվածը քշել է քեզ, 2 և եթե դառնաս դեպի քո Տեր Աստվածը, դու և քո որդիները, ու հնազանդվես նրա խոսքին քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով, ինչպես որ ես պատվիրեցի քեզ այսօր, 3 ապա քո Տեր Աստվածն էլ քեզ կվերադարձնի գերությունից, քեզ կողորմի և դարձյալ կհավաքի քեզ այն բոլոր ազգերի միջից, ուր քո Տեր Աստվածը ցրել էր քեզ։
4 Եթե դու մինչև երկնքի ծայրն էլ քշված լինես, քո Տեր Աստվածը քեզ այնտեղից էլ կհավաքի և այնտեղից էլ կվերցնի քեզ։ 5 Քո Տեր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը, և դու կժառանգես այն. նա քեզ բարություն կանի և քո հայրերից ավելի կբազմացնի քեզ։ 6 Քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որպեսզի քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով սիրես քո Տեր Աստծուն, որպեսզի ապրես։ 7 Քո Տեր Աստվածը այս բոլոր անեծքները կթափի քո թշնամիների, քեզ ատողների և հալածողների վրա։ 8 Իսկ դու դարձյալ կվերադառնաս դեպի Տերն ու կհնազանդվես նրա խոսքին, կկատարես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։
9 Քո Տեր Աստվածը կառատացնի քո ձեռքի բոլոր գործերը, քո որովայնի պտուղը, քո անասունների պտուղը և քո երկրի պտուղը, որովհետև Տերը դարձյալ կուրախանա՝ քեզ բարգավաճ անելով, ինչպես որ ուրախացավ քո հայրերի վրա, 10 եթե դու հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին և պահես այս օրենքի գրքում գրված նրա պատվիրաններն ու կանոնները և քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով դառնաս դեպի քո Տեր Աստվածը։ 11 Որովհետև այս պատվիրանը, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, դժվար չէ քեզ համար և հեռու չէ։ 12 Նա երկնքում չէ, որ ասես, թե՝ “Ո՞վ երկինք կելնի մեզ համար և այն կբերի մեզ, որպեսզի լսենք ու կատարենք այն”։ 13 Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։ 14 Այդ խոսքը քեզ շատ մոտիկ է, քո բերանում է, քո սրտում, որպեսզի դու այն կատարես։
15 Տե՛ս, ես այսօր քո առջև եմ դնում կյանքն ու բարին, մահն ու չարը. 16 ես այսօր քեզ պատվիրում եմ, որ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա պատվիրանները, նրա կանոններն ու հրամանները, որպեսզի ապրես ու բազմանաս, և քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, ուր դու գնում ես այն ժառանգելու համար։ 17 Բայց եթե քո սիրտը հետ դառնա, և չլսես, այլ մոլորվելով ուրիշ աստվածների երկրպագություն անես ու պաշտես դրանց, 18 ապա ես այսօր ասում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք, երկար կյանք չեք ունենա այն երկրում, ուր դուք, Հորդանան գետն անցնելով, գնում եք այն ժառանգելու համար։
19 Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ. ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը։ Ուրեմն ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրես դու և քո սերունդը, 20 որպեսզի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը և քո օրերի երկարությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որ կտա նրանց»։