ԾՆՆԴՈՑ 27: 41 – 46
41 Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։ 42 Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու՝ Եսավի խոսքերը։ Նա մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։ 43 Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիր գնա՛ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ 44 Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա, 45 մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից, և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից. ինչո՞ւ զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։
Իսահակը Հակոբին ուղարկում է Լաբանի մոտ
46 Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։
ԾՆՆԴՈՑ 28: 1 – 5
1 Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։ 2 Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ 3 Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։
4 Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ 5 Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։