ՀՈՎՀԱՆՆԵՍ 13
Ոտնլվա
1 Հիսուսը, Զատկի տոնից առաջ իմանալով, որ հասել է իր ժամը այս աշխարհից Հոր մոտ փոխադրվելու, մինչև վերջ ցույց տվեց իր սերը նրանց հանդեպ, ովքեր այս աշխարհում են։ 2 Եվ ընթրիքին սատանան արդեն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ դրել էր, որ Հիսուսին մատնի։ 3 Հիսուսը գիտեր, որ Հայրն ամեն ինչ իր ձեռքն էր հանձնել, և որ ինքն Աստծուց էր ելել ու Աստծու մոտ էր գնում։ 4 Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ 5 Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։ 6 Երբ Սիմոն Պետրոսին հասավ, նա ասաց Հիսուսին. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։ 7 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։
8 Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ 9 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլ ձեռքերս ու գլուխս և՛ս լվա»։ 10 Հիսուսը նրան ասաց. «Ով լվացվել է, ամբողջովին մաքուր է և կարիք չունի ոչնչի, բացի ոտքերը լվանալուց. դուք էլ մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ 11 Քանի որ նա գիտեր իրեն մատնողին, դրա համար ասաց. «Ոչ բոլորդ եք մաքուր»։ 12 Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ 13 Դուք ինձ “Վարդապետ” և “Տեր” եք կոչում և ճիշտ եք ասում, որովհետև ե՛մ։ 14 Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։
15 Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։ 16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։ 17 Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։ 18 Ձեր բոլորի համար չեմ ասում այդ. ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ։ Սակայն պետք է կատարվի գրվածը, որ ասում է. “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 41.9). 19 ես ձեզ այդ ասում եմ այժմվանից՝ մինչև դրա լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ է ընդունում, իսկ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողին»։
Հիսուսը խոսում է իր մատնության մասին
(Ղուկ. 22.21-23)
21 Երբ Հիսուսն այս բաներն ասաց, հոգով խռովվեց, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»։ 22 Աշակերտները տարակուսանքով միմյանց էին նայում, թե ո՛ւմ մասին է ասում։ 23 Եվ աշակերտներից մեկը, որին Հիսուսը սիրում էր, նրա կողքին էր նստած։ 24 Սիմոն Պետրոսը նրան նշան արեց, որ հարցնի, թե ո՛ւմ մասին է ասում։ 25 Այդժամ նա հենվեց Հիսուսի կրծքին և նրան հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է նա»։ 26 Հիսուսը պատասխանեց. «Նա է, ում համար հացը կթրջեմ ու կտամ նրան»։ Արդ նա հացը թրջեց ու տվեց Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացուն։ 27 Հացը վերցնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Ինչ որ անելու ես, արա՛գ արա»։ 28 Եվ սեղան նստածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչի՛ համար այդ ասաց նրան։ 29 Քանի որ Հուդան էր գանձանակը պահում, ոմանք կարծում էին, թե Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ այս տոնի համար մեզ հարկավոր է» կամ «Աղքատներին ինչ-որ բա՛ն տար»։ 30 Իսկ նա, երբ հացը վերցրեց, իսկույն դուրս գնաց։ Գիշեր էր։
Նոր պատվիրանը
31 Երբ նա գնաց, Հիսուսն ասաց. «Այժմ Մարդու Որդին պիտի փառավորվի, Աստված էլ նրանով պիտի փառավորվի։ 32 Եթե Աստված նրանով փառավորվի, Աստված էլ նրան իրենով կփառավորի. և նրան իսկույն կփառավորի։ 33 Որդյակնե՛րս, դեռ մի փոքր ժամանակ ևս ձեզ հետ եմ. ինձ կփնտրեք, և ինչպես հրեաներին ասացի՝ “Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ”, հիմա էլ ձեզ եմ ասում։ 34 Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ 35 Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մտթ. 26.31-35, Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34)
36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու հիմա իմ հետևից չես կարող գալ, բայց հետո իմ հետևից կգաս»։ 37 Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ. ես իմ կյանքը կտամ քեզ համար»։ 38 Հիսուսը նրան պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14
Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք
1 «Ձեր սրտերը թող չխռովվեն. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ 2 Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3 Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ, որպեսզի որտեղ ես եմ, դուք էլ լինեք։ 4 Եվ ուր ես գնում եմ, գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։ 5 Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ»։ 6 Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 7 Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք։ Բայց այսուհետև ճանաչեցիք նրան և տեսաք»։
8 Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ 9 Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. “Ցո՛ւյց տուր մեզ Հորը”։ 10 Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է։ Այն խոսքերը, որ ես ձեզ ասում եմ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ իմ մեջ է, նա է գործերը կատարում։ 11 Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ իմ մեջ է. եթե ոչ, գոնե գործերի համա՛ր հավատացեք ինձ։ 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի, որ ես եմ անում, և դրանցից է՛լ ավելի մեծ բաներ կանի, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում։ 13 Եվ ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի։ 14 Եթե իմ անունով որևէ բան խնդրեք, ես այն կկատարեմ։
Ճշմարտության Հոգին
15 Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 16 Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17 ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ 18 Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ։ 19 Մի փոքր ժամանակ ևս, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի. բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք նույնպես կենդանի եք լինելու։ 20 Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։ 21 Ով ունի իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է ինձ սիրում. ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից, ես էլ պիտի սիրեմ նրան և ինձ պիտի հայտնեմ նրան»։
22 Հուդան (ոչ Իսկարիովտացին) նրան ասաց. «Տե՛ր, ի՞նչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ, իսկ աշխարհին՝ ոչ»։ 23 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ 24 Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ 25 Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ 26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։
Քրիստոսի խաղաղությունը
27 Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։ 28 Լսեցիք, որ ձեզ ասացի. “Գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ”։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ կլինեիք, որ ասացի. “Հոր մոտ եմ գնում”, որովհետև իմ Հայրն ավելի մեծ է, քան ես։ 29 Եվ ձեզ հիմա՛ ասացի՝ նախքան լինելը, որպեսզի երբ լինի, հավատաք։ 30 Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ 31 Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Վե՛ր կացեք գնանք այստեղից»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 15
Հիսուսը՝ ճշմարիտ որթատունկ
1 «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2 Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ 3 Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։ 4 Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ Ինչպես որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ 5 Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 6 Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան որթաճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ 7 Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։
8 Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ 9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10 Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ 11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ 12 Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ 13 Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ 14 Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։
15 Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի։ 16 Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ 17 Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։
Աշխարհի ատելությունը
18 Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ 19 Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ 20 Հիշե՛ք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. “Ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը”։ Եթե ինձ հալածեցին, ձեզ նույնպես հալածելու են. եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ 21 Բայց այս ամենը իմ անվան պատճառով կանեն ձեզ, որովհետև ինձ ուղարկողին չեն ճանաչում։ 22 Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։ 23 Ով ինձ ատում է, իմ Հորն էլ է ատում։
24 Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ 25 Բայց դա տեղի ունեցավ, որպեսզի կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. “Ինձ առանց պատճառի ատեցին” (Սաղ. 35.19, 69.4)։ 26 Երբ Մխիթարիչը գա, որին ես Հոր կողմից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է ելնում, նա կվկայի իմ մասին։ 27 Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբից ինձ հետ եք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16
1 «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի չգայթակղվեք։ 2 Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ 3 Եվ դա պիտի ձեզ անեն, որովհետև ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ։ 4 Բայց այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ սրանց կատարվելու ժամանակը գա, հիշեք, որ ես այդ ասել եմ ձեզ։
Այս բաներն սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։
Մխիթարիչի գալուստը
5 Սակայն այժմ ինձ ուղարկողի մոտ եմ գնում, ու ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում. “Ո՞ւր ես գնում”։ 6 Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սիրտը։ 7 Բայց ես ձեզ ճշմարիտն եմ ասում. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ։ 8 Եվ երբ նա գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար. 9 մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում, 10 արդարության համար, որովհետև ես Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի, 11 և դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։
12 Դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ 13 Սակայն երբ նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև ինքն իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ 14 Նա ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ։ 15 Այն ամենը, ինչ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ ինձնից վերցնի, կհայտնի ձեզ։
Ուրախության վերածվող վիշտը
16 Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, ու ինձ կտեսնեք, որովհետև ես Հոր մոտ եմ գնում»։ 17 Նրա աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. «Այս ի՞նչ է մեզ ասում. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, ու դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք” և թե՝ “Ես Հոր մոտ եմ գնում”»։ 18 Նաև ասում էին. «Ի՞նչ է նշանակում, երբ ասում է՝ մի քիչ ևս։ Չենք հասկանում, թե ի՛նչ է խոսում»։ 19 Հիսուսը հասկացավ, որ ուզում են իրեն հարցնել, և նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմյանց հարցնում, երբ ասացի. “Մի քիչ ևս, և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ, և ինձ կտեսնեք”։ 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհը պիտի ուրախանա. դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունն ուրախության պիտի վերածվի։
21 Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ 22 Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ, ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չի խլելու։ 23 Եվ այդ օրն ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։ 24 Մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։
Ես հաղթեցի աշխարհին
25 Այս բաները ձեզ ասացի առակներով, բայց գալու է ժամանակ, երբ ձեզ հետ այլևս առակներով չեմ խոսելու, այլ Հոր մասին ձեզ հայտնապես եմ պատմելու։ 26 Այդ օրն իմ անունով պիտի խնդրեք։ Եվ չեմ ասում, թե ե՛ս ձեզ համար պիտի խնդրեմ Հորը, 27 որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել։ 28 Ես ելա Հորից և եկա աշխարհ. դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում եմ Հոր մոտ»։
29 Աշակերտները նրան ասացին. «Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ 30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել»։ 31 Հիսուսը նրանց պատասխանեց. «Հիմա հավատո՞ւմ եք։ 32 Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։ 33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին»։